Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871թ. նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20-ին), Կախովկա ավանում (այժմ`Ուկրաինայի Խերսոնի շրջան): Սպենդիարյանի նախնիները Հայաստանի հին մայրաքաղաք Անիից էին: Հայրը` Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց, 1840-1901 թթ.), խոշոր գործարար էր և զբաղվում էր փայտանյութի առևտրով: Մայրը` Նատալիա Սելինովան (1845-1915 թթ.), հայտնի Սելինյանների ընտանիքից էր: Նրա հայրը Ղարասուբազարի (այժմ` Բելոգորսկ) քաղաքագլուխն էր: 

Կոմպոզիտորի մանկության երաժշտական  տպավորությունները կապված էին Ղրիմի երաժշտական կենցաղի հետ: Մանկությունն ու պատանեկությունն անցել է Կախովկայում և Սիմֆերոպոլում: Նրանց հյուրընկալ տանը հաճախ էին կազմակերպվում երաժշտական երեկոներ, որոնց մասնակցում էր նաև Հովհաննես Այվազովսկին, ով ջութակ էր նվագում քամանչայի պես բռնած: Նրան դաշնամուրով նվագակցում էր կոմպոզիտորի մայրը: Հնչում էին  հայկական, թաթարական, հունական, ուկրաինական մեղեդիներ: 

Բազմաշնորհ Ալեքսանդրին հետաքրքրում էին արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Երաժշտությամբ զբաղվել է 9 տարեկանից: Սկզբում դաշնամուրի դասեր է ստացել, որոնք, սակայն դադարեցին մոտ մեկ ու կես տարի անց, քանի որ, ինչպես կոմպոզիտորն է նշում, նա տանել չէր կարողանում գամմաները: Ավելի ուշ նա սովորում է ջութակ նվագել:  1882-1890 թթ. միջնակարգ կրթություն է ստացել Սիմֆերոպոլի գիմնազիայում, որն ավարտել է արծաթե մեդալով: Երգել է աշակերտական երգչախմբում և ակտիվ մասնակցություն ունեցել գիմնազիայի երաժշտական կյանքում:

1888 թ. գրում է իր առաջին ռոմանսը՝ «Հրապուրված եմ քո գեղեցկությամբ», այն  նվիրելով իր առաջին սեր Լիզա Արենդտին: 

Գիմնազիան ավարտելու նույն տարում հոր հետ մեկնում է արտասահման և Վիեննայի օպերային թատրոնում առաջին անգամ լսում սիմֆոնիկ նվագախումբ («Կարմեն» օպերայի կատարում):

1890-1895 թթ. Ա. Սպենդիարյանը սովորել է Մոսկվայի համալսարանում, նախ՝ բնագիտության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետում: Սակայն իր ողջ կյանքի ընքացքում նա երբեք չզբաղվեց իրավաբանությամբ: Մոսկվայում նա շարունակում է ջութակի դասեր ստանալ Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց: Համալսարանում ուսանելու տարիներին որպես կոնցերտմայստեր նվագում է Ն. Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում: Լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ Կլենովսկին նրան խորհուրդ է տալիս զբաղվել կոմպոզիցիայի տեսությամբ՝ դառնալով ապագա կոմպոզիտորի առաջին ուսուցիչը:

1894 թ. հավաքույթներից մեկի ժամանակ կոմպոզիտորը ծանոթանում է հայ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ: Լսելով նրա «Այ վարդ» բանաստեղծությունը, Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանսը: Այն կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունն էր հայ գրողի խոսքերով:

1896-1900 թթ. կոմպոզիցիայի մասնավոր դասեր է ստանում ռուս անվանի կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովից: Նրանց գործնական հարաբերությունները հետզհետե վերածվեցին մեծ բարեկամության և հենց Ն. Ռիմսկի-Կորսակովի օգնությամբ էլ Սպենդիարյանը մուտք գործեց ռուսական դասական երաժշտարվեստ: Նրա՝ որպես կոմպոզիտորի կայացմանը մեծապես նպաստեց շփումը անվանի երաժիշտների՝ Գլազունովի, Լյադովի, Արենսկու և այլոց հետ: Նրա անունը հետզհետե ճանաչելի դարձավ Ս. Պետերբուրգում և Մոսկվայում:

1900 թ. Ռիմսկի-Կորսակովի մոտ ուսումնառության ավարտին Սպենդիարյանը գրեց իր առաջին մեծակտավ սիմֆոնիկ ստեղծագործությունը` «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով այն իր սիրելի ուսուցչին: Այն առաջին անգամ կատարվեց  1901 թ. հունիսի 5-ին, Պավլովսկում, դիրիժոր Ն. Գալկինի ղեկավարությամբ և մեծ հաջողություն ունեցավ:

1901 թ. Ա. Սպենդիարյանն ամուսնանում է Վարվառա Մազիրովայի հետ (Սպենդիարյանի վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդի այրին, ով Հ. Այվազովսկու քրոջ թոռնուհին էր): Սպենդիարյանի հայրը նորաստեղծ ընտանիքին նվիրում է շքեղ առանձնատուն Յալթայում, որը նախկինում Սերբիայի Նատալիա թագուհու ամառային նստավայրն էր: Այս տանը Սպենդիարյանի բազմանդամ ընտանիքը (նրանք ունեցան 4 դուստր, 2 որդի) ապրեց մինչև 1916 թ.:

Սպենդիարյանների Յալթայի առանձնատունը դարձավ մտավորականության հավաքատեղի: Հյուրընկալ կոմպոզիտորի տանը հաճախ էին լինում կոմպոզիտորներ Ա. Գլազունովը, Ա. Լյադովը, Ա. Արենսկին, Ց. Կյուին, Ս. Ռախմանինովը, երգիչներ Ֆ. Շալյապինը, Ե. Զբրուևան, Ե. Մրավինան, գրողներ Մ. Գորկին, Ա. Չեխովը, Ա. Կուպրինը, նկարիչ Ի. Ռեպինը և այլոք: Սպենդիարյանի ժամանակակիցները փաստում են, որ նա  գերազանց ու հետաքրքիր զրուցակից էր` օժտված մեծ հումորով:

Սպենդիարյանների Յալթայի առանձնատունը դարձավ մտավորականության հավաքատեղի: Հյուրընկալ կոմպոզիտորի տանը հաճախ էին լինում կոմպոզիտորներ Ա. Գլազունովը, Ա. Լյադովը, Ա. Արենսկին, Ց. Կյուին, Ս. Ռախմանինովը, երգիչներ Ֆ. Շալյապինը, Ե. Զբրուևան, Ե. Մրավինան, գրողներ Մ. Գորկին, Ա. Չեխովը, Ա. Կուպրինը, նկարիչ Ի. Ռեպինը և այլոք: Սպենդիարյանի ժամանակակիցները փաստում են, որ նա  գերազանց ու հետաքրքիր զրուցակից էր` օժտված մեծ հումորով:

1905 թ. Սպենդիարյանը գրեց «Երեք արմավենի» սիմֆոնիկ պոեմը՝ ըստ Միխայիլ Լերմոնտովի համանուն բանաստեղծության: Այս ստեղծագործության համար կոմպոզիտորն արժանացավ Գլինկայի անվան մրցանակի: Ռուս բալետմայստեր Մ. Ֆոկինի առաջարկությամբ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պոեմի հիման վրա բեմադրվեց «Ջիների թագավորի յոթ դուստրերը» բալետը, որի պրեմիերան կայացավ 1913 թ., Բեռլինի Կրոլ թատրոնում, ուր ներկա էր նաև Սպենդիարյանը:

1916 թ. Սպենդիարյանը վաճառելով Յալթայի առանձնատունը՝ ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակի ամառանոց: 

Նույն տարում կոմպոզիտորը «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով, հեղինակային համերգով մեկնում է Թիֆլիս: Առաջին անգամ լինելով Կովկասում՝ Սպենդիարյանն լսում է արևելյան և կովկասյան ժողովուրդների երաժշտությունը: Այստեղ նա հանդիպում է  հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Ծանոթանալով գրողի ստեղծագործություններին՝ կոմպոզիտորը որոշում է նրա «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրել օպերա: Վերադառնալով Սուդակ՝ նա ձեռնամուխ է լինում «Ալմաստ» օպերայի ստեղծման աշխատանքներին: Լիբրետոն գրում է ռուս բանաստեղծուհի Սոֆյա Պարնոկը: Կոմպոզիտորն իր շուրջն է  համախմբում երգիչների ու դերասանների: Շուտով նրա աշխատասենյակում հնչում է օպերայի առաջին գործողությունը: 

Սուդակում Առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխության տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական գործունեություն: Կազմակերպում է բազմաթիվ համերգներ՝ հօգուտ պատերազմից տուժածներին:

Սպենդիարյանի կյանքում նշանակալից էր 1924 թ.-ը:  Մի շարք արվեստագետների հետ այս թվականին Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվում է Հայաստան` նախաձեռնելով երաժշտական մշակույթի զարգացման լայնածավալ աշխատանքներ: Նրա ջանքերով Երևանի կոնսերվատորիայում ստեղծվում է նվագախմբային դասարան, կազմակերպվում է առաջին սիմֆոնիկ նվագախումբը:  Այստեղ կոմպոզիտորը ծավալում է մանկավարժական գործունեություն, իր հարուստ փորձը փոխանցում նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին: 

1924 թ. դեկտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ Երևանում կայացավ առաջին սիմֆոնիկ համերգը:  Ծրագրում նրա ստեղծագործություններն էին:

Սպենդիարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում առաջին անգամ հնչում են Բեթհովենի 3-րդ և 5-րդ սիմֆոնիաները:

1925 թ. Սպենդիարյանը գրում է իր վերջին ստեղծագործությունը՝ «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ երկը՝ այն նվիրելով կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբին: Այս տարիներին կոմպոզիտորը դեռ աշխատում էր իր մեծակտավ ստեղծագործության՝ «Ալմաստ» օպերայի ստեղծման վրա, որի վերջին գործողության գործիքավորումն այդպես էլ չի հասցնում ավարտել: Այն ավարտին է հասցնում Մաքսիմիլիան Շտեյնբերգը, ով ևս աշակերտել էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին: 

1926 թ. ինչպես Հայաստանում, այնպես էլ Խորհրդային Միության ողջ տարածքում, մեծ շուքով նշվում է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական գործունեության 25-ամյակը: Կոմպոզիտորին Հայաստանում առաջինն է շնորհվում ժողովրդական արտիստի և Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում:

Ա. Սպենդիարյանը մահանում է 1928 թ. մայիսի 7-ին, 57 տարեկանում:

Նրա մահից երկու տարի անց՝ 1930 թ. հունիսի 23-ին, Մոսկվայի մեծ թատրոնի մասնաճյուղում առաջին անգամ բեմադրվում  է  հայկական առաջին դասական օպերան՝ «Ալմաստ»-ը, որը մեծ հաջողություն է ունենում: Այնուհետ բեմադրվում է նաև Օդեսայում (1930 թ.), Թիֆլիսում (1932 թ.), Տաշքենդում (1953 թ.), Նովոսիբիրսկում (1972 թ.):  1933  թ. հունվարի 20-ին Երևանում «Ալմաստ»  օպերայով բացվեց օպերային թատրոնը, որին հետագայում տրվեց կոմպոզիտորի անունը: 

Կոմպոզիտորի թողած արժեքավոր ստեղծագործական ժառանգությունում անգնահատելի են «Ղրիմի էսքիզներ»  երկու սիմֆոնիկ սյուիտները, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Երևանյան էտյուդները», «Ալմաստ» օպերան, մի շարք երգեր, ռոմանսներ և այլ ստեղծագործություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *